Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանութեան մասին ներկայացուած «Ճշմարտութիւն եւ արդարութիւն» բանաձեւն այս պահին 60 աջակից ունի: Այս մասին տեղեկացրել է Հայ դատի յանձնախումբը:

Բանաձեւում նշուած է, որ Հայոց ցեղասպանութիւնը սկսուել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանեան Թուրքիայի պաշտօնեաների կողմից հայ մտաւորականների, քաղաքական գործիչների եւ հոգեւորականների ձերբակալութեամբ, ինչին հետեւել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգուածային ջարդերն ու աքսորը: Դէպքեր, որոնք կրկնուել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարաւային Սուդանում եւ մնացած այլ ցեղասպանութիւնների ընթացքում:

Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական յարաբերութիւնները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան իրողութեան ճանաչման հիմքով: Ցեղասպանութեան մասին միւս բանաձեւը S-RES 140-ը, որը ներկայացուած է ԱՄՆ Սենատում, այս պահին ունի 20 աջակից: Այն նշում է, որ Հայոց ցեղասպանութիւնը մինչ օրս մնում է անպատիժ: